Իմ երազանքների տունը

Սովորողներին մայրենի լեզվից հետաքրքիր առաջադրանք էր հանձնարարված՝ նկարել <<Ձեր երազանքների տունը>>։ Երկարօրյայի ժամին նրանք բացեցին համակարգիչները և Paint ծրագրով հմուտ նկարեցին իրենց համար ամենալավ տունը։ Զարմանալի էր, բայց որևէ մեկի տունը հեքիաթային տեսք չուներ, չկային դղյակներ ու շատրվաններ։ Բոլորի  տունը սովորական էր, բայց հարուստ գույներով, լի ջերմությամբ ու լուսավորությամբ և որ ամենակարևորն է՝ շրջապատված այգով ու ծաղիկներով։ Երազանքի տունը դատարկ չէր, այնտեղ մարդիկ կային, իսկ դա նշանակում է, որ երեխաները ամենալավ տունը պատկերացնում են ընտանիքի հետ միասին։

 

Այս ինչ կարատեիստների խումբ եմ կազմակերպում

Ինձ թվում է, թե իմ երկարացված օրվա խումբը ամենագերակտիվն է դպրոցում։ Մտածում էի, տեսնես ինչու՞։ Հետո, երբ ընկեր Կարինեից լսեցի, որ կարատեի խմբակ խաճախողներն այս դասարանում ամենաշատն են, հասկացա։

Երեքշաբթի օրը, սենսեյ Հայկուհին իր սաներին տարավ Ագարակ՝ մարզումներն այնտեղ իրականացնելու և Ագարակում աշխատանքներ անելու համար։ Երեխաներն այնքան էին ոգևորվել, երբ լսել էին, որ Ագարակում առաջին անգամ տուֆից քար են կոտրելու և նուչագիով նոր պտույտներ սովորելու։

Կարատեիստները գնացին սենսեյ Հայկուհու և շիհան (սենսեյից մեկ աստիճան բարձր կարատեի վարպետ)Կարենի հետ, իսկ մենք մնացինք դպրոցում և գլուխներս խաղաղ մի քիչ դասերով զբաղվեցինք։ Մինչ մենք դաս էինք սովորում, կարատեիստներն Ագարակի կենդանիներով էին հմայվում։ Ճիշտ է քար չկոտրեցին, բայց լավ ժամանակ անցկացրին՝ քարը թողնելով մյուս անգամ։ Նրանք որոշել էին այս անգամ ավելի շատ Ագարակում օգտակար լինել իրենց գործով և ընկեր Էդմոնի ուղղորդմամբ ծառերի տակից մաքրել էին թափված տերևները և մի քիչ էլ  տարածքը։ Նրանք դպրոց վերադարձան՝ դժգոհելով, որ իրենց ուժերին համապատասխան աշխատանք Ագարակում այդպես էլ չարեցին։